Ամսագիր Ապրիլ 2015 Քաղաքը՝ աշտարակից

15 Ապրիլ 2015, 09:46
2488 |

Քաղաքը՝ աշտարակից

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի մամուլի քարտուղար Աննա Ավանեսյանը վերհիշում է հեռուստատեսությունում առաջին քայլերի, առանց ինտերնետի ամենօրյա հաղորդում ապահովելու, Երևանի բակային խաղերի ու Ֆրանսիայում հայերին փիառելու մասին:

Ես ապրել և մեծացել եմ այնտեղ, որտեղ և հայրս: Փաստորեն, մեր մանկությունը նույն բակում է եղել: Նույն դպրոցում էլ սովորել ենք: Ու մինչև հիմա մենք միևնույն տանն ենք ապրում:

Մեր բակում շատ ընդունված էր իրար տուն գնալը: Ցուրտ տարիներին մարդկային ջերմությունը մեղմում էր ծանր կենցաղը: Իմ մանկության տարիներին «գործագործ» խաղն իր շուրջն էր հավաքում մոտ հիսուն հոգանոց թիմ: Հիմա պլանշետներն ու սմարթֆոններն են ակտուալ:

Պապիկիս ամենասիրելի թոռը ես էի: Նա պետպաշտոնյա էր, շատ զբաղված մարդ, բայց միշտ ժամանակ գտնում էր ինձ համար: Ոտքով մեր տնից հասնում էինք «Հաղթանակ» զբոսայգի՝ մարզվելու: Ընթացքում անընդհատ պատմում էր իր հուշերը պատերազմից:

Դպրոցական տարիներիս կար մի ֆրանսիական կենտրոն, որտեղ ես նշանակվել էի պատի թերթի պատասխանատուն: Դրանք իմ առաջին քայլերն էին լրագրության ասպարեզում:

Դասարանում վառարան ունեինք, բայց միևնույն է՝ ցուրտ էր: Դպրոցի առաջին տարիներին էլ սկսվեց «ցուրտ ու մութը»: Այն շատ կտրուկ փոխեց մեր ընտանիքի կենցաղը: Մոռացվեց այն ամենը, ինչ նախկինում սիրելի ավանդույթ էր, օրինակ՝ հյուրասենյակի դաշնամուրը:

Ես հացի հերթի էլ եմ գնացել ու նույնիսկ՝ փայտ հավաքելու: Մեր տան շրջակայքում՝ Լամբադա կամրջի կողքին, ժամանակին կար արհեստական լճակ, որի շուրջ կային ծառեր: Այ հենց դրանց չորացած մասերն էլ հավաքում, վառում էինք, որ չսառչենք:

Մի շրջան կար, երբ հայրս աշխատում էր ֆրանսահայ հոգեբանների հետ: Այդ ընթացքում մեր բնակարանը վերածվեց ֆրանսահայերի հավաքատեղիի: Երևանը սիրող սփյուռքահայերի վերաբերմունքն առաջին անգամ նրանց մոտ տեսա:

1994-ին տեղափոխվեցինք Փարիզ, թեև երկար չմնացինք: Այդ տարիներին հստակ զգացի՝ ինչ է նշանակում հայրենիքը սիրել:

Թեև մայրս մեզ հետ էր, սակայն ես անչափ կարոտում էի հայկական կերակուրները: Մորս պատրաստած նույն տոլման Ֆրանսիայում բոլորովին այլ համ ուներ: Ես դրան ասում էի «տոլմայի պարոդիա»: Չէի հավանում նույնիսկ այդքան ճանաչված ֆրանսիական հացը, ինձ համար հայկականն ավելի համով էր:

Հանրային հեռուստաընկերության հետ իմ բախտը կապեց Էրիկ Անթառանյանը, ով այդ տարիներին «Ռուբիկոնի» աստղն էր: Մի քանի անգամ նրա հետ գնալով նկարահանումների՝ ես մեկընդմիշտ սիրահարվեցի հեռուստատեսությանը:

Նոր սերնդի ակտիվ, հավակնոտ հեռուստադեմքերը հավաքվում էին ռադիոտանը Հրաչ Քեշիշյանի մոտ: Ես նույնպես այդ ակումբի անդամ էի: Հրաչն առաջարկեց ինձ սյուժե նկարել: Գաղափար անգամ չունենալով՝ ինչ է սյուժեն, համաձայնեցի: Բայց բախտս բերեց, Հանրայինի խմբագիր Մերի Սանահյանը կանխեց դա: Այսօրվա պես հիշում եմ՝ ինչպես նա Հրաչին ասաց՝ «Դու էս երեխու աչքերը չե՞ս տեսնում, նրա էներգետիկան պետք է ցույց տալ մարդկանց»: Ու այդպես ես սկսեցի վարել իմ առաջին՝ R&B երաժշտական հաղորդումը:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով